ՄԱԿ-ում հայտնել են Իսրայելի կողմից Գազայում բազմաթիվ պատերազմական հանցագործությունների մասին
ՄԱԿ-ում հայտնել են, որ Իսրայելը բազմաթիվ պատերազմական հանցագործություններ է կատարել Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափին: «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը` հանդես գալով Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում։
«Վերջին հինգ ամսվա մարտական գործողությունների ընթացքում վարչությունը գրանցել է բազմաթիվ միջադեպեր, որոնք կարող են հավասարեցվել իսրայելական ուժերի կողմից պատերազմական հանցագործությունների, իսրայելական ուժերը կատարել են անհամաչափ հարձակումներ, որոնք խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը… Դա արյունալի սպանդ է», - ասել է նա պաղեստինյան օկուպացված տարածքներում տիրող իրավիճակի վերաբերյալ իր վարչության զեկույցը ներկայացնելիս։
Թյուրքը, մասնավորապես, հիշատակել է Գազայում քաղաքացիական անձանց, այդ թվում՝ ՄԱԿ-ի աշխատակիցների և լրագրողների սպանությունների «աննախադեպ» մակարդակը, հումանիտար ճգնաժամը` պայմանավորված մարդասիրական օգնության սահմանափակումներով, բնակչության առնվազն 75 %-ի կրկնվող տեղահանումները, հիվանդանոցների և մյուս քաղաքացիական ենթակառուցվածքների զանգվածային ավերածություններն ու ամբողջ թաղամասերի «պարբերական ավերումը», ինչը Գազան դարձնում է «ապրելու համար զգալի չափով ոչ պիտանի»:
Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարն ընդգծել է, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումները և Իսրայելի հրթիռակոծությունները նույնպես պատերազմական հանցագործություններ են։
Իրադրությունը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներթափանցումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել պաղեստինյան անկլավում, որտեղ զոհերի թիվը գերազանցել է 30 000-ը։