«Տերյան» մշակութային կենտրոնի «My way» նախագիծը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի IFCD դրամաշնորհային ծրագրում
«Տերյան» մշակութային կենտրոնի «My way» նախագիծն արժանացել է Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի (IFCD) դրամաշնորհին:
Այս մասին հայտնում են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նշելով, որ փետրվարի 27-ից մարտի 1-ը Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության ինքնարտահայտման ձևերի կոնվենցիայի կիրարկման միջկառավարական կոմիտեի 17-րդ նիստը, որին որպես վերոնշյալ կոնվենցիայի հայաստանյան համակարգող՝ մասնակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը։
Նիստի օրակարգում էր նաև Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամ (IFCD) ներկայացված հայտերի հաստատումը։
2023-2024 թթ. Հայաստանը ներկայացրել էր երկու հայտ, որոնցից մեկը վերաբերում էր թատերահամերգային կազմակերպությունների միասնական տոմսային տնտեսության ստեղծմանը (Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն), իսկ երկրորդը՝ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց արհեստագործական արտադրության հմտությունների զարգացմանը («Տերյան» մշակութային կենտրոն)։
Յուրաքանչյուր տարի հիմնադրամին հայտեր են ներկայացնում շուրջ 80 երկրի հասարակական և պետական ոչ առևտրային կազմակերպություններ։ Հայտերը ներկայացվում են առցանց՝ անմիջականորեն Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամին, և փորձագիտական ուսումնասիրության են ենթարկվում անկախ փորձագետների կողմից։
Հայաստանի ներկայացրած հայտերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների կողմից վերադարձվել էր լրամշակման։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտատու կառույցներին տրվել էր ուղղորդված մեթոդական խորհրդատվություն՝ հայտերի լրամշակման վերաբերյալ: Արդյունքում «Տերյան» մշակութային կենտրոնի «My way» լրամշակված նախագիծը, ի թիվս 12 երկրների հայտերի, ներառվել է վերոնշյալ հիմնադրամի 2024 թվականի դրամաշնորհային ծրագրերում:
Նախագիծը միտված է ոչ միայն հատուկ կարիքներ ունեցող մարդկանց արհեստագործական արտադրության հմտությունների (խեցեգործություն, հագուստի տպագրություն, տեքստիլ, արհեստներ) զարգացմանը, այլև հասարակության մեջ այդ խմբերի ներդաշնակ համակեցության և մրցունակության ապահովմանը։
Նախագծի շրջանակում կստեղծվի միջազգային առցանց շուկա մուտք գործելու մասնագիտական վեբկայք՝ նախատեսված հատուկ կարիքներ ունեցող մարդկանց և արտադրության մեջ ներգրավված հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ստեղծված մշակութային բարիքների առաջմղմանը։ Նախագծի տևողությունը 17 ամիս է։
Ծրագրի իրականացման համար Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամը «Տերյան» մշակութային կենտրոնին կհատկացնի 99 516 ԱՄՆ դոլար:
Հայտերը ներկայացվել են Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հետ համագործակցությամբ: