Գարիկ Գալեյանն արդեն տանն է. Եռաբլուր չայցելելը նրա համար հավասարազոր է մահվան. փաստաբան
Փետրվարի 23-ին Արցախյան պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ տեղափոխել էին «Աստղիկ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:
Գարիկ Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը կտրուկ վատացել էր այն բանից հետո, երբ դատարանը նրա խափանման միջոցի ժամկետը երկարաձգել էր՝ արգելելով այցելել Եռաբլուր զինվորական պանթեոն, քանի որ տվել էր տնային կալանք։
Այսօր 168.am-ի հետ զրույցում Վահան Հովհաննիսյանն ասել է, որ Գարիկ Գալեյանի սիրտը ստենդավորել են, ու նա արդեն գտնվում է տանը, առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար։
«Գարիկ Գալեյանը պարբերաբար պետք է այցելի հիվանդանոց, քանի որ նրան վիրահատել են։
Նրա առողջական ներկայիս վիճակը պայմանավորված է տնային կալանքով, քանի որ բազմիցս նշել եմ՝ Գարիկ Գալեյանի համար Եռաբլուր չայցելելը հավասարազոր է մահվան։ Հիմա նրա տունը ոչ թե այն հասցեն է, որտեղ նա բնակվում է, այլ Եռաբլուրը։
Այս ամենի համար մեղավոր է պետությունը՝ ի դեմս դատարանի։
Մենք արտահերթ՝ անհապաղ նիստ հրավիրելու մասին միջնորդություն էինք ներկայացրել։ Հանկարծ պարզվում է, որ միջնորդությունը ներկայացնելու հաջորդ օրը «պատահաբար» նախագահող դատավորը գտնվում է արձակուրդում, վերադառնալու է միայն մարտի 18-ին։ Հետևաբար, մեր անհապաղ միջնորդությունը՝ Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, կքննվի միայն մարտի 18-ից հետո։ Այս օրերին կարող է մենք ականատես լինենք անդառնալի հետևանքների, պատկերացրեք աբսուրդի վիճակը»,- նշել է փաստաբանը։
Նրա բնորոշմամբ՝ Գարիկ Գալեյանին տնային կալանք տալու և Եռաբլուր այցելելու անհնարինությունը հոգեբանական ճնշում է նրա նկատմամբ, ինչն էլ հանգեցրել է նրա առողջական վիճակի վատթարացման։ Նա ունի նաև այլ հիվանդություններ, որոնք անհամատեղելի են նրա նկատմամբ կիրառվող խափանման միջոցի հետ։
«Ըստ բժիշկների ախտորոշումների, սա դեռևս վերջը չէ։ Ինչ վերաբերում է դատական գործընթացից ունեցած ակնկալիքներին, ապա այն ամենից հետո, ինչ կատարվել է ու կատարվում է, չենք կարող որևէ արդարադատական ակտ ակնկալել։ Դատարանի մինչև այս կատարած գործողություններն իրավաչափությունից դուրս են»,- եզրափակել է Վահան Հովհաննիսյանը։