Ռուսաֆոբիան կուրացնում է Արևմուտքին՝ զրկելով նրան բանականությունից․ Պուտին
Ուկրաինայում ՆԱՏՕ-ի հնարավոր ռազմական միջամտությունների հետևանքները ողբերգական կլինեն. այս մասին, այսօր՝ փետրվարի 29-ին, Դաշնային ժողովում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Նրանք սկսել են խոսել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորամիավորումներ ուղարկելու հնարավորության մասին, բայց մենք հիշում ենք նրանց ճակատագիրը, ովքեր ժամանակին իրենց զորակազմերն ուղարկել են մեր երկրի տարածքներ: Սակայն հիմա հնարավոր միջամտողների համար հետևանքները շատ ավելի ողբերգական կլինեն»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը հավելել է, որ Արևմուտքը, ի վերջո, պետք է հասկանա, որ Ռուսաստանի Դաշնությունն ունի նաև զենք, որը կարող է խոցել իրենց տարածքում գտնվող թիրախները։ Միաժամանակ ՌԴ նախագահը նշել է, որ ռուսաֆոբիան կուրացնում է Արևմուտքին՝ զրկելով նրան բանականությունից։
Պուտինը հիշեցրել է նաև, որ Ռուսաստանն ունի զենք, որն ունակ է թիրախներ խոցել թշնամիների տարածքում: Այս համատեքստում ՌԴ նախագահը նշել է՝ Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերը գտնվում են լիարժեք պատրաստվածության վիճակում:
«Ինքնիշխանության ամրապնդումն այժմ ընթանում է բոլոր ուղղություններով և, առաջին հերթին, իհարկե, ռազմաճակատում, որտեղ անձնազոհ կռվում են մեր մարտիկները: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այժմ պայքարում են հայրենիքի շահերի համար, ովքեր անցնում են ռազմական փորձությունների բովով: Արևմուտքը փորձում է մեզ ներքաշել սպառազինությունների մրցավազքի մեջ՝ դրանով մաշեցնել մեզ»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ Արևմուտքն է հրահրել հակամարտությունը Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ տարածաշրջաններում: