Հարավային Կորեայի նախագահը Սեուլում հանդիպել է Ցուկերբերգի հետ
Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը Սեուլում հանդիպել է Meta ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ և քննարկել արհեստական բանականության և «ընդլայնված իրականության» ոլորտում համագործակցության հեռանկարները։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
Հարավային Կորեայի նախագահը նշել է, որ հարավկորեական ընկերությունները կարող են հարմար գործընկերներ լինել արհեստական բանականության ոլորտում Ցուկերբերգի ընկերության մշակումների կիրառման համար, քանի որ երկիրը հայտնի է որպես կենցաղային էլեկտրոնիկայի, գաջեթների և ավտոմոբիլների արտադրող։
Յուն Սոկ Յոլը նաև նշել է, որ տեղական կորպորացիաներն առաջատար դիրք են զբաղեցնում հիշողության չիպերի արտադրության բնագավառում, որոնք անհրաժեշտ են արհեստական բանականության համակարգերի համար։ Երկրի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցություն ցուցաբերելու հարավկորեական կազմակերպությունների հետ համագործակցության հաստատման գործում։
Ցուկերբերգը փետրվարի 28-ին հանդիպել է նաև LG Electronics-ի գլխավոր տնօրեն Չո Չժու Վանի հետ։ Ինչպես հաղորդել է կորպորացիայի մամուլի ծառայությունը, նրանք քննարկել են LG-ի արտադրանքներում Meta-ի տեխնոլոգիաների կիրառման, հարավկորեական ընկերության ծառայությունների մեջ ամերիկյան ընկերության հարթակների ինտեգրման հնարավորությունը։
Ձեռնարկատերը փետրվարի 28-ին նաև հանդիպել է Samsung Electronics-ի նախագահ Լի Չժե Յոնի հետ։ Նրանց քննարկման առարկան եղել է արհեստական բանականության և «ընդլայնված իրականության» ոլորտում փոխգործակցությունը: