Արդարադատության նախարարաությունն ու Համաշխարհային բանկը կշարունակեն թվայնացման ոլորտում համագործակցությունը
Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Կառավարման պրակտիկայի ղեկավար Ադրիան Ֆոզարդի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող ոլորտային ծառայությունների թվայնացման աշխատանքները և արձանագրված արդյունքները, մասնավորապես՝ պետական ռեգիստրի, նոտարի, քրեակատարողական և քրեական դատավարության թվայնացման ծրագրերը։
Նախարարի տեղակալը կարևորել է այս ծրագրերի իրականացումը՝ շեշտելով դրանց անհրաժեշտությունն, ինչպես հանրային բարձրորակ ծառայություններ մատուցելու, այնպես էլ պետության պարտավորությունների և գործառույթների արդյունավետ իրականացման տեսանկյունից:
Քննարկվել է էլեկտրոնային նոտար համակարգի տեսլականը: Կողմերը բարձր են գնահատել էլեկտրոնային համակարգերի արդյունավետությունը, հաշվի առնելով վերջիններիս ներդրման արդյունքում վարչարարության պարզեցումը, ֆինանսական ծախսերի կրճատումն ու քաղաքացիների գոհունակության բարձրացումը։
Արա Մկրտչյանը կարևորել է Համաշխարհային բանկի աջակցությունն արդարադատության ոլորտի թվային բարեփումների շրջանակում, ինչպես նաև հույս հայտնել շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը։
Ադրիան Ֆոզարդն իր գոհունակությունն է հայտնել, շեշտել իրականացվող ծրագրերից տպավորված լինելու հանգամանքը՝ հաստատելով հետագա համագործակցության անհրաժեշտությունը: