«Ժողովուրդ». Հրաչ Հակոբյանը չի իմացել ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի քվեարկությունը բոյկոտելու որոշման մասին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ՝ ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի քվեարկության ժամանակ, ուշագրավ դեպք է եղել։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի աներձագ, ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը չի իմացել, որ ՔՊ-ն բոյկոտել է ու չպետք է մասնակցի թեկնածուի քվեարկությանը, ու գնացել է քվեարկության վայրը, սակայն նրան հետ են կանչել՝ ասելով, որ որոշում կա չմասնակցելու քվեարկությանը, ու նա լքել է քվեարկության վայրը։
«Ժողովուրդ» օրաթերթը կատարվածի շուրջ անձամբ զրուցեց ՔՊ-ական պատգամավոր Հրաչ Հակոբյանի հետ, ինչին ի պատասխան՝ վերջինս հայտնեց, որ, այո, ինքը գնացել է քվեարկության, սեղանի մոտ զրուցել է կոլեգաների հետ ու հետ է գնացել։ Մեր այն հարցին՝ իսկ ինչի մասին է զրուցել, Հրաչ Հակոբյանը չցանկացավ մեկնաբանել։
Նշենք, որ իշխող ուժը՝ ՔՊ-ն, չմասնակցեց ՍԴ դատավորի պաշտոնում դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Դավիթ Բալայանի թեկնածության քվեարկությանը։
Հաշվեքննիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել էր, որ քվեատուփում եղել է 32 քվեաթերթիկ, որի ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ 32 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։
Այսպիսով, Դ. Բալայանի թեկնածության քվեարկությանը մասնակցել է միայն խոհրդարանական ընդդիմությունը, եւ Դ. Բալայանը չի ընտրվել ՍԴ դատավոր»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։