ԵՄ պատժամիջոցների 13-րդ փաթեթն ազդեցություն չի ունենա Ուկրաինայում ռազմական գործողության վրա. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ԵՄ պատժամիջոցների 13-րդ փաթեթը, ասել է, որ նոր սահմանափակումները որևէ ազդեցություն չեն ունենա Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների ընթացքի վրա։
«Մեր երկիրը բավականաչափ պատժամիջոցային դիմադրողականություն է զարգացրել՝ հաջողությամբ չեզոքացնելու Բրյուսելի հերթական փորձերը՝ խաթարելու ռուսական տնտեսության կայուն աճի միտումը»,- ասել է նա։
Զախարովան ընդգծել է. «Անկասկած, ԵՄ նոր պատժամիջոցները որևէ ազդեցություն չեն ունենա հատուկ ռազմական գործողության ընթացքի վրա»։
Փետրվարի 23-ին Եվրամիության խորհուրդը հաստատել է հակառուսական պատժամիջոցների 13-րդ փաթեթը։ Այն ընդգրկել է 194 ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Պատժամիջոցներն ուղղված են անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներին Ռուսաստանի հասանելիությունը սահմանափակելուն։
Բացի այդ, սահմանափակումների են ենթարկվել Հնդկաստանի, Շրի Լանկայի, Չինաստանի, Սերբիայի, Ղազախստանի, Թաիլանդի և Թուրքիայի ընկերությունները։ ԵՄ-ն պատժամիջոցների նոր փաթեթում ներառել է 27 կազմակերպություն՝ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին աջակցելու համար։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անվանել էր խելագար ու չմտածված։