«Խաղաղության խաչմերուկ»-ի իրացման գործում ՌԴ-ն կարող է շոշափելի ներդրում ունենալ. Զախարովա
Հայաստանի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել գործարկելու տարածաշրջանային ենթակառուցվածքները՝ սուվերենության սկզբունքի հիման վրա։ Ադրբեջանը ևս չի հրաժարվել։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ անդրադառնալով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին և ՌԴ ԱԴԾ կողմից դրա վերահսկողությանը՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այդ թեմատիկան մանրամասնորեն քննարկվել է եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։ Ցավոք, այդ աշխատանքներն այս պահին դադարեցված են՝ Հայաստանի մեր գործընկերների դիրքորոշմամբ պայմանավորված։ Ինչ վերաբերում է ՌԴ ԱԴԾ կողմից ճանապարհի վերահսկողության իրականացմանը, ապա դա տրամաբանական է՝ թե՛ երթեւեկության օպտիմալ իրականացման, թե՛ տնտեսական առումով։ Ռուսական սահմանապահ զորքերը տեղակայված են ՀՀ Սյունիքի մարզի հարավում։ Նրանք պաշտպանում են հայ- իրանական սահմանը»,- ասել է Զախարովան։
Խոսելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին՝ նա կարծիք է հայտնել, որ նախագիծն ավելի լայն հայացք է ապագայում տարածաշրջանային ենթակառուցվածքների գործարկման ուղղությամբ։ «2023թ.-ի դեկտեմբերի 15-ին Երևանում ՀՀ և ՌԴ միջև կայացած տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստում փոխվարչապետ Օվերչուկը ծրագրին աջակցություն է հայտնել՝ նշելով, որ ՌԴ-ն դրա իրացման գործում կարող է շոշափելի ներդրում ունենալ»,- ասել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ոչ տարածաշրջանային խաղացողների դիրքորոշումը հարցի վերաբերյալ քաղաքական է։