Բելգիան 200 մլն եվրո է հատկացրել Ուկրաինային՝ արկերի հրատապ գնման համար
Բելգիան, միանալով Չեխիայի նախաձեռնած համատեղ գնումների ծրագրին, հայտարարել է Ուկրաինային 200 մլն եվրո տրամադրելու մասին: Գումարն ուղվելու է Ուկրաինայի համար 155 մմ տրամաչափի հրետանային արկերի գնմանը:
Գնումը, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, կատարվելու է Եվրամիության սահմաններից դուրս: «Մենք կարող ենք Ուկրաինայի նախագահին տալ այն, ինչ նա խնդրում է՝ արկեր: Առաջիկա շաբաթներին կմատակարարվի ավելի շատ արկ: Այդ գումարով կարելի է ձեռք բերել մինչև 50 հազար արկ»,- Բրյուսելում կայացած ասուլիսում հայտարարել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդեր Դե Կրոոն:
Նա ընդգծել է, որ Չեխիայի նախաձեռնությանն արդեն իսկ միացել են Մեծ Բրիտանիան, Դանիան, Նիդեռլանդները, Կանադան և Շվեդիան։ Ակնկալվում է, որ առաջին արկերը կարող են Ուկրաինա հասնել արդեն մարտի վերջին։
ԵՄ-ն չի կատարել 2023 թվականի մարտից մինչև 2024 թվականի փետրվարի սկիզբը Ուկրաինային 1 միլիոն արկ տրամադրելու իր խոստումը: Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ մինչև մարտի վերջ ԵՄ-ն կկարողանա 524 հազարի հասցնել Կիևին փոխանցված արկերի քանակը, որը մինչև տարեվերջ պետք է հասնի 1 միլիոնի: