ՌԴ-ն փորձարկել է մարտավարական միջուկային զենքի կիրառումը. Financial Times
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը փորձարկել են մարտավարական միջուկային զենքի (ՄՄԶ) կիրառումը խոշոր համաշխարհային տերության հետ հակամարտության վաղ փուլում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից, այս մասին չորեքշաբթի օրը՝ փետրվարի 28-ին, հաղորդել է Financial Times հրատարակությունը։
Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ ՄՄԶ-ի կիրառման սցենարներից մեկը Չինաստանի կողմից հնարավոր ներխուժումը հետ մղելն էր։
2008-2014 թվականների 29 գաղտնի ռազմական փաստաթղթերը, որոնց հետ ծանոթացել է Financial Times-ը, և որոնց հավաստիությունը հաստատել են փորձագետները, նկարագրում են մարտավարական միջուկային զենքի կիրառման շեմը, որն ավելի ցածր է, քան Ռուսաստանը երբևէ հրապարակայնորեն ընդունել է:
Ըստ այդ փաստաթղթերի՝ մարտավարական միջուկային զենքով հնարավոր միջուկային հարվածը կարող է իրականացվել ի պատասխան հակառակորդի ներխուժման Ռուսաստանի տարածք կամ Ռուսաստանի ռազմավարական բալիստիկ հրթիռային սուզանավերի 20 տոկոսի, նրա միջուկային հարվածային սուզանավերի 30 տոկոսի, երեք և ավելի հածանավերի, երեք օդանավակայանների ոչնչացման կամ միաժամանակյա հարվածի ափամերձ գլխավոր և պահեստային հրամանատարական կենտրոններին։