Մեծամորի ոստիկանները բացահայտեցին Մրգաշատում կատարված բնակարանային գողությունները
Փետրվարի 8-ին ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում էր տվել Արևիկ գյուղի մի բնակիչ. փետրվարի 6-ից 8-ն ընկած ժամանակահատվածում Մրգաշատ գյուղի իրեն պատկանող տնից գողացել էին հեռուստացույց, համակարգիչ, ձմեռային բաճկոններ և գործիքներ:
Նման մի գողություն էլ կատարվել էր հունվարի 30-ին: Մեկ այլ մրգաշատցի հաղորդում էր տվել, որ Ռուսաստանում ժամանակավոր բնակվող իր եղբոր տնից գողացել են հեռուստացույց և բարձրախոսներ: Վարկածը, որ այս երկուսն էլ նույն անձանց գործն է` հաստատվեց բացահայտումից հետո:
Մեծամորի ոստիկանները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նախ պարզեցին, որ գողությունները կատարել են մրգաշատցի 20 և 22 տարեկան երկու երիտասարդներ:
Փետրվարի 8-ի ուշ երեկոյան երիտասարդները Մրգաշատում հայտնաբերվեցին, ձերբակալվեցին և տեղափոխվեցին Մեծամորի բաժին, որտեղ խոստովանեցին արարքը: Նրանք նաև հայտնեցին գողոնի թաքստոցի տեղը:
Անձնական խուզարկությամբ 22-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվեց դանակ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Արմավիրի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեցին նոր հանգամանքներ: Մասնավորապես, փետրվարի 9-ին ձերբակալվեց և բաժին տեղափոխվեց գողությունների ևս մեկ մասնակից` Մրգաշատ գյուղի 19-ամյա երիտասարդ, որի “Օպելով” էլ գողոնները տեղափոխել էին: Փետրվարի 14-ին ձերբակալվեց նաև մեկ այլ մրգաշատցի` 24 տարեկան երիտասարդ, որը նույնպես մասնակցել էր հանցագործություններին:
Դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց 22-ամյա մրգաշատցու տանը: Հայտնաբերվեցին գողացված հեռուստացույցներ, բարձրախոսներ և այլ ապրանքներ:
Նախաքննությունը շարունակվում է: