Ալիևը սպառնացել է վերջնականապես դադարեցնել Ադրբեջանի անդամակցությունը ԵԽԽՎ-ին
Ադրբեջանը կարող է լրջորեն դիտարկել Եվրոպայի խորհրդից լիովին դուրս գալու հնարավորությունը, եթե մեկ տարվա ընթացքում չվերականգնվեն ԵԽԽՎ-ում իր պատվիրակության իրավունքները։ Գերմանական տնտեսության արևելյան կոմիտեի պատվիրակության անդամների հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարությունը ներկայացրել է ՏԱՍՍ-ը:
Այս տարվա հունվարին տեղի ունեցած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում որոշվել է չվավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները, քանի որ Բաքուն եվրոպական նշված կառույցի ներկայացուցիչներին չի հրավիրել դիտորդական առաքելություն իրականացնելու փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում։ Ադրբեջանը մեղադրվել է նաև ընդդիմությանը հալածելու և Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները ոտնահարելու համար:
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունն այդ կառույցին մեղադրել էր կրկնակի ստանդարտներ կիրառելու և «երկրի ընտրական գործընթացին չարդարացված միջամտության փորձի» համար: Ադրբեջանական կողմը հայտարարել է նաև, որ մինչև հետագա ծանուցումը դադարեցնում է իր փոխգործակցությունն ու ներկայությունը ԵԽԽՎ-ում։