Մակրոնը չի խոստացել զինվորականներ ուղարկել Ուկրաինա. Ֆրանսիայի պաշտպանության նախարար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի ասել Ռուսաստանի դեմ պատերազմի համար Ուկրաինա զորքեր ուղարկելու ցանկության մասին, խոսքը վերաբերել է ուկրաինական զորքերի վարժեցմանը նրանց տարածքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պաշտպանության հարցերով հանձնաժողովի նիստում։
«Ցանկանում եմ պարզաբանել, որովհետև տեսնում եմ, թե ինչ են գրում զանգվածային լրատվամիջոցներում և սոցցանցերում. խոսքն այն մասին չէ, որ զորքեր ուղարկենք Ռուսաստանի դեմ պատերազմի համար», - նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ըստ Լըկորնյուի` փետրվարի 26-ին Փարիզում խորհրդաժողովի մասնակիցները քննարկել են, թե էլ ինչպես կարող են օգնել Ուկրաինային՝ բացի արդեն իսկ ձեռնարկվող գործողություններից:
Ռազմական գերատեսչության ղեկավարը կարծիք է հայտնել, որ Ուկրաինային աջակցության ներկայիս միջոցների և այն սահմանագծի միջև, որից այն կողմ Ֆրանսիան արդեն կդառնա հակամարտության մասնակից, «կան գոտիներ, որոնցում դեռ կարելի է ինչ-որ բան անել»։ Նա հավելել է, որ Մակրոնի խոսքն այն մասին, թե ինքը «ոչինչ չի բացառում» Ուկրաինային ռազմական օգնության համատեքստում, «չի վկայում» Փարիզի կողմից «թուլության կամ էսկալացման ցանկության մասին»։
Փետրվարի 26-ին Մակրոնը Ելիսեյան պալատում կայացած հանդիպմանը հայտարարել էր, որ կողմերը քննարկել են Ուկրաինա արևմտյան երկրների ցամաքային ուժեր ուղարկելու հնարավորությունը։ Նա հայտնել էր, որ մասնակիցներն այս թեմայի շուրջ փոխհամաձայնության չեն հանգել, սակայն ապագայում նման սցենարը չէր բացառել։
Մակրոնի հայտարարությունից հետո ԵՄ-ի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի բազմաթիվ անդամ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Չեխիան, Սլովակիան, Լեհաստանը, Կանադան, բացառել են Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նույնպես հայտարարել է, որ դաշինքը չի պլանավորում մարտական ուժեր ուղարկել Ուկրաինա։