ՀՀ ընկերությունները ավելի մեծ հասանելիություն կունենան ԵԱՏՄ-ի պետական գնումների գործընթացներին. նախագիծ
Խորհրդարանը քննարկում է «Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության կարևորագույն ուղղություններից են պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում համագործակցությունը և ինտեգրումը:
Համաձայնագրով նախատեսված է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքներում գործող առևտրային բանկերի տրամադրած բանկային երաշխիքները անդամ պետությունների կողմից ճանաչվում են պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ:
«Եթե հիշում եք, մինչև այժմ միայն Հայաստանն էր միակողմանի ձևով ընդունում մեր գործընկեր երկրների ԿԲ-ների կողմից լիցենզավորված բանկերի թողարկած երաշխիքները: Հայկական ընկերությունները երբ փորձում էին մասնակցել ԵԱՏՄ երկրների պետական և մունիցիպալ գնումներին, իրենցից պահանջվում էր բանկային երաշխիք, բայց հայկական բանկերի կողմից թողարկված երաշխիքները չէին ընդունվում պատվիրատուների կողմից: Այս համաձայնագրով փաստացի սահմանվում են կանոններ, որոնց համապատասխանելու դեպքում ԵԱՏՄ անդամ երկրի ցանկացած բանկի թողարկած երաշխիք պետք է ընդունելի լինի պատվիրատուի կողմից»,- նախագիծը ներկայացնելիս ասաց հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ հայկական բանկերը բոլոր պահանջներին բավարարում են, և համաձայնագրի վավերացման դեպքում ՀՀ ընկերությունները պետք է ավելի մեծ հասանելիություն ունենան ԵԱՏՄ-ի՝ պետական (մունիցիպալ) մակարդակում գնումների գործընթացներին:
Վերջինիս խոսքով՝ Հայաստանը միակողմանի ճանաչում էր ԵԱՏՄ բոլոր երկրների երաշխիքները, քանի որ մեր շուկան շատ փոքր է, և եթե նայեինք, թե ինչ էինք ստանալու՝ սահմանափակելով խոշոր կազմակերպությունների հասանելիությունը մեր շուկա, մենք ավելի շատ տուժելու էինք, քան օգուտ էինք ստանալու:
«Սրանով նաև մենք հիմա քննարկում ենք լրացուցիչ պայմաններ սահմանել բանկերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության գնումների շրջանակում, որպեսզի որոշակի ռիսկեր փակվեն, այսինքն՝ հաջորդ քայլը լինելու է նոր օրենսդրության շրջանակում դիտարկել նաև բանկային երաշխիքները, թե որոնք ենք ընդունում»,- ասաց Ավանեսյանը:
Համաձայնագրի ստորագրման նպատակը մի անդամ պետության տարածքում գրանցված հնարավոր մատակարարների (կապալառուների, կատարողների) համար մյուս անդամ պետությունում անցկացվող պետական (մունիցիպալ) գնումներին մասնակցությանն անարգել հասանելիություն ապահովելն է:
Մասնավորապես՝ ՀՀ-ում գրանցված տնտեսվարող սուբյեկտները կարող են ՌԴ-ում կազմակերպվող գնման գործընթացներին ներկայացնել ՀՀ առևտրային բանկերի տրամադրած բանկային երաշխիքները: