ՆԱՏՕ-ն խուսափում է Ուկրաինայի միջոցով Ռուսաստանի հետ անմիջական հակամարտության մեջ ներքաշվելուց. Հարությունովը վերլուծել է իրավիճակը
Այս փուլում իսկապես բացառված է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, որովհետև Ռուսաստանի հետ ակտիվ ռազմական գործողությունների պայմաններում դա մեխանիկորեն կնշանակի ՆԱՏՕ-ի անմիջական ներգրավում հակամարտության մեջ, ինչը կհանգեցնի միջուկային պատերազմի՝ կործանելով ամեն ինչ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց ռազմաքաղաքական վերլուծաբան Դավիթ Հարությունովն՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությանը, ըստ որի՝ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է։
«Միանգամայն ակնհայտ է, որ համընդգրկուն էսկալացիայի սցենարից խուսափում է ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Հյուսիսատլանտյան դաշինքը, հետևաբար, բոլոր խոսակցություններն ու սցենարները, որոնք ինչ-որ կերպ ենթադրում են Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, վերաբերում են հետպատերազմյան շրջանին։
Այսինքն՝ խոսքն առնչվում է գոնե հակամարտության սառեցմանն՝ ինչ-որ փուլի։ Բայցևայնպես, ներկա պահին այդ խոսակցությունները կոնկրետ բնույթ չեն կրում, և այդ առթիվ հստակ ժամկետներ չեն նշվում։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչպիսի իրավիճակ կհաստատվի հակամարտության սառեցման պահին, ինչ սահմաններում կլինի Ուկրաինան, ուժերի ինչպիսի հարաբերակցություն կլինի»,- ասաց Հարությունովը։
Նրա դիտարկմամբ՝ եթե հարաբերակցությունը լինի Ռուսաստանի օգտին, ապա պաշտոնական Մոսկվան բանակցությունների այդ փուլում առաջ կքաշի իր հիմնական պահանջը՝ Ուկրաինան լինի չեզոք պետություն, և այդ դեպքում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցն ուղղակի դուրս կգա օրակարգից, իսկ եթե Ուկրաինան իր հերթին ունենա այնքան ռեսուրս, որ մարտական գործողությունների դադարեցման պահին քաղաքական հանձնառություններ չլինեն, ապա վերոհիշյալ հարցն այդ դեպքում կարող է որոշակի լուծում ստանալ՝ որպես Արևմուտքի կողմից երաշխիքների տրամադրում Ուկրաինային, որպեսզի բացառվի նոր հակամարտությունը։
«ՆԱՏՕ-ում հիմա կան մտավախություններ առ այն, թե դաշինքը կարող է հայտնվել այնպիսի իրավիճակում, որ Ուկրաինան, որպես անդամ երկիր, կարող է սադրել կոնֆլիկտ Ռուսաստանի հետ։ Նույնիսկ եթե հակամարտությունն ինչ-որ կերպ սառեցվի, հասկանալի է, որ վերսկսման պոտենցիալը կպահպանվի, իսկ մարտական գործողությունների վերսկսման դեպքում արդեն ՆԱՏՕ-ն անմիջականորեն կներքաշվի Ռուսաստանի հետ հակամարտության մեջ։ Ուստի, Ուկրաինայի միջոցով Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման խոսակցություններն այս պահին կրում են զուտ տեսական բնույթ»,- ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ կարող է տալ բզկտված և զգալի ավերածություններ կրած Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, Հարությունովն ընդգծեց, որ հարցի քննարկումը բխում է ոչ այնքան դաշինքն ընդլայնելու շահերից, որքան Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորելու անհրաժեշտությունից։
«Եթե վերցնենք զուտ ռազմական գործոնը, ապա Ուկրաինան ունի մեծաքանակ բանակ և ռազմական գործողությունների մասնակցության փորձ։ Ուկրաինական ԶՈՒ-ն կիրառում է նաև արևմտյան արտադրության սպառազինություն։ ՆԱՏՕ-ն իր հերթին չունի տեղեկատվության հասանելիության հետ կապված խնդիրներ և քաջատեղյակ է ուկրաինական կողմի մարտավարությանը։ Դաշինքը ժամանակին ստեղծվեց որպես Խորհրդային Միության հակակշիռ, և հիմա դիմակայում է նրա իրավահաջորդ Ռուսաստանին, ուստի Ուկրաինան այդ առումով գտնվում է շահեկան դիրքում։ Կիևում հստակ գիտակցում են, որ անդամակցության հարցն օրակարգից հանելը կդիտվի որպես լուրջ զիջում Ռուսաստանին»,- ասաց ռազմաքաղաքական վերլուծաբանը։
Հարությունովի կարծիքով՝ եթե նույնիսկ ինչ-որ պահի այդ խնդրի լուծումը դառնա իրական, դրան կհետևի լուրջ դիմադրություն ռուսական կողմից, անգամ եթե Մոսկվան չունենա հզոր լծակներ այդ գործընթացը կասեցնելու համար։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն մշտապես Ռուսաստանին համարում է սպառնալիք և փորձելու է հետխորհրդային երկրներին ընդգրկել իր կազմում՝ ստեղծելով բուֆերային պաշպանական գոտի։