Իրանը պահանջել է վերացնել միջուկային զենքի պաշարներն ամբողջ աշխարհում
Իրանը պահանջում է վերացնել միջուկային զենքի բոլոր համաշխարհային պաշարները, քանի որ այն մեծագույն վտանգ է ներկայացնում մարդկության համար։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին Զինաթափման խորհրդաժողովում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Իրանը պահանջում է ոչնչացնել ամբողջ միջուկային զենքը, որն ամենամեծ ձեռակերտ սպառնալիքն է ամբողջ մարդկության համար: Միջուկային զենքի լիակատար վերացումը միակ գործուն և հուսալի միջոցն է` կանխելու Հիրոսիմայի և Նագասակիի նման ողբերգությունների կրկնությունը», - ասվում է նախարարի հայտարարության մեջ, որը հրապարակված է Իրանի ԱԳՆ Telegram ալիքում։
Իրանի դիվանագիտության ղեկավարը նաև հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը, «դառնալով զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) ամենամեծ զոհը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սադամ Հուսեյնի վարչակարգի կողմից քիմիական զենքի կիրառման հետևանքով (խմբ․՝ նկատի ունի 1980-1988 թվականների իրանաիրաքյան պատերազմը), ընդգծում է, որ ԶՈԶ-ի, ներառյալ՝ միջուկային զենքի չկիրառման միակ երաշխիքը դրա լիակատար, անդառնալի և ստուգման ենթակա ոչնչացումն է»:
Աբդոլլահիանը հավելել է, որ Իրանը «հաստատակամորեն համոզված է, որ Միջուկային զենքի չտարածման պայմանագրի ամբողջականությունն ու գործունությունը կախված են դրանում բովանդակվող բոլոր պարտավորությունների, ներառյալ՝ 6-րդ հոդվածի լիարժեք կատարումից, որի համաձայն միջուկային զենք ունեցող երկրները պարտավոր են բանակցություններ վարել արդյունավետ և արդյունքի միտված ապամիջուկայնացման շուրջ»: Իրանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ «եթե Զինաթափման խորհրդաժողովի անդամ բոլոր պետությունները, հատկապես՝ միջուկային տերությունները, դրսևորեն քաղաքական կամք և կատարեն զինաթափման իրենց պարտավորությունները, մեզ կհաջողվի դուրս գալ փակուղուց, որի մեջ գտնվում է Խորհրդաժողովը»: