Հատուկ ռազմական գործողության ընթացքում Ուկրաինայի ԶՈՒ-ն կորցրել է ավելի քան 444 հազար զինվորական. Շոյգու
Ուկրաինական բանակի մարտական ներուժը նվազում է. միջին հաշվով Կիևն օրական կորցնում է ավելի քան 800 մարդ և 120 միավոր տարբեր զինտեխնիկա, այդ թվում՝ արտասահմանյան արտադրության՝ հայտարարել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն գերատեսչական կոլեգիայի նիստում։
Նրա խոսքով՝ հատուկ ռազմական գործողության ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 444 հազար զինվորական։ Մեկ շաբաթ առաջ Շոյգուն հայտնել էր, որ միայն 2023 թվականի հունիսի 4-ից սկսած հակահարձակման ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմել են 166 հազար զոհ և վիրավոր։
Օրեր առաջ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր 31 հազար ուկրաինացի զինվոր է սպանվել։ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ չի հրապարակի վիրավորների թիվը, քանի որ դա կօգնի ռուսական կողմի ռազմական պլանավորմանը։