Դենիս Գլուշակովը` «Ուրարտու»-ի ֆուտբոլիստ
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր ֆուտբոլիստ ունի։ Ակումբը պայմանագիր է կնքել ռուս կիսապաշտպան Դենիս Գլուշակովի հետ:
Այս մասին հայտնում է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: 37-ամյա փորձառու ֆուտբոլիստը իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ մասնավորապես Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի և «Սպարտակ»-ի, ինչպես նաև «Ախմատ»-ի, «Խիմկի»-ի և «Նիժնի Նովգորոդ»-ի ակումբներում։ Կիսապաշտպանը 2016-2017 մրցաշրջանում դարձել է Ռուսաստանի չեմպիոն, ինչպես նաև Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում` Ռուսաստանի սուպերգավաթի հաղթող։
Ռուսաստանի հավաքականի կազմում Գլուշակովը մասնակցել է 2018 թվականի աշխարհի առաջնությանը, ինչպես նաև 2012 և 2016 թվականների Եվրոպայի առաջնություններին։
Ֆուտբոլիստը «Ուրարտու» է տեղափոխվել «Սպարտակ Կոստրոմա»-ից, որի հետ մրցաշրջանի առաջին հատվածում անցկացրել է 7 հանդիպում և դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։