Միջազգային հարաբերություններում կարևոր գործոն է երկրի ընկալելի և կանխատեսելի լինելը․ Տիգրան Աբրահամյան
Միջազգային հարաբերություններում կարևոր գործոն է երկրի ընկալելի և կանխատեսելի լինելը, ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Անկախ այն հանգամանքից, թե գաղափարական կամ քաղաքական ուղղվածության առումով ինչ առաջնահերթություններ կամ նպատակներ ես հռչակում և դա որքանով է հաճո հարևաններիդ կամ, առհասարակ, քո հետ հարաբերությունների, առնչության դաշտում գտնվող միջազգային այլ սուբյեկտներին, միևնույն է՝ կարևորը բոլոր իրավիճակներում սկզբունքներ ունենալն ու դա պահպանելն է»,- ընդգծեց պատգամավորը:
իմա ի՞նչ է կատարվում մեր երկրում: Առավոտյան արթանանում ես ու պարզում, որ քո երկիրը սառեցրել է իր հարաբերությունները այն ռազմաքաղաքական դաշինքի հետ, որտեղ գտնվել կամ գտնվում ես, ասաց Աբրահամյանը։
«Ուզում ես հասկանալ, թե ինչ է կատարվում, մեկ էլ տեսնում ես՝ ՀԱՊԿ-ն արձագանքում է, որ նման դիմում չի ստացվել, ՌԴ պաշտոնյաներից մեկը խոսում է այն մասին, որ փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում, բայց դեռ նորություն չունեն, իսկ ՀՀ իշխանությունը ներկայացնող անձինք կամ իրավասու կառույցները որևէ կերպ չեն պարզաբանում իրավիճակը:
Այստեղ խնդիրն ամենևին դեռ այն չէ, թե ով և ինչքանով է իր պարտականությունները կատարում կամ չի կատարում, ով որտեղ, ինչ պատասխանատվություն ունի և ինչի հետևանքով է ՀԱՊԿ-ի կամ ՌԴ-ի հետ հարաբերությունները մոտենում զրոյականին:
Ասածս զուտ հարաբերությունների այն նշաձողի մասին է, որն այսօր առկա է մի երկրի հետ, ով այս տարածաշրջանում և ոչ միայն՝ մեծ դերակատար է, և նրա հետ հարաբերությունները փչացնելը կամ գետնին հավասարեցնելն անշուշտ չի բխում հայության հավաքական շահերից: Նույնը վերաբերվում է Ֆրանսիայից կամ Հնդկաստանից մատակարարվող սպառազինությանը կամ ռազմական տեխնիկային»,- խոսքը շարունակեց Աբրահամյանը:
Տիգրան Աբրահամյանը նշեց նաև՝ տպավորություն ունի, որ հատուկ ընտրված անձինքն ամեն ինչ անում են Հայաստանի համար կարևոր ռազմական գնումների թեման տանելու աշխարհաքաղաքական դիմակայությունների դաշտ:
«Եթե նույն այս գնումները լիներ մեկ այլ՝ կանխատեսելի իշխանությունների պարագայում և թեման սուր ընկալող սուբյեկտների հետ ճիշտ ու անկեղծ հարաբերություններ լինեին, ապա թեման այս ծավալի շահարկումների չէր ենթարկվի:
Պարզ ասած, բոլորը կընկալեին, որ ադրբեջանական սպառնալիքներին և ուժի կիրառման շանտաժին դիմակայելու համար Հայաստանը որտեղից հասցնում ՝ զենք-զինամթերք է գնում և դա ուղղված է ոչ թե բարեկամ կամ դաշնակից երկրի տարածաշրջանային շահերի դեմ, այլ սեփական պաշտպանողականությունն ուժեղացնելու և ամրապնդելու համար է»,- ասաց նա:
Տիգրան Աբրահամյանը նշեց նաև՝ Հայաստանն ընկավ, որովհետև երկրի ղեկը ստանձնեցին արկածախնդիրներ, ովքեր սեփական շահն ու իշխանությունն ամեն ինչից վեր են համարում, մարդիկ, ովքեր ինքնիշխանության անվան տակ ում թրի տակով ասես չանցան, ում ասես չերկրպագեցին, իսկ գինը տանուլ տված հայրենիքն է: