Ուկրաինային միջին և մեծ հեռահարության հրթիռներ մատակարարելու համար կոալիցիա կստեղծվի․ Մակրոն
Ֆրանսիան գործընկերների հետ կոալիցիա կկազմի Ուկրաինային միջին և մեծ հեռահարության հրթիռներ և ռումբեր փոխանցելու համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Le Monde պարբերականից, այս մասին փետրվարի 26-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Փարիզում Ուկրաինային նվիրված խորհրդաժողովից հետո Մակրոնը լրագրողներին ասել է, որ որոշվել է «ստեղծել կոալիցիա խորը հարվածների և, հետևաբար, միջին և մեծ հեռահարության հրթիռների և ռումբերի» մատակարարման համար։
The Kyiv Independent պարբերականն իր հերթին հիշեցնում է, որ Ուկրաինան վաղուց դիմել է դաշնակիցներին՝ մեծ հեռահարության զենքերի մատակարարման համար, սակայն Մոսկվայի հետ հարաբերությունները չսրելու համար Արևմտյան երկրները դանդաղ են իրականացնում այս գործընթացը։ Ֆրանսիան արդեն Ուկրաինային մատակարարել է մեծ հեռահարության SCALP հրթիռներ, որոնք կարող են անցնել 250 կմ։
Փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների երկու տարին լրանալու օրը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մեծ հեռահարության հրթիռները չի օգտագործի Ռուսաստանի տարածքում թիրախների հարվածելու համար։
Հիշեցնենք՝ Էմանուել Մակրոնը նաև չի բացառել Ուկրաինայում Արևմտյան երկրների զինվորականների տեղակայման հնարավորությունը։