Առաջարկում ենք, որ հայրենական արտադրանքն ավելի պատշաճ ներկայացված լինի անմաքս առևտրի սրահներում. Ռուստամ Բադասյան
Այս նախագծով ներդնում ենք մրցութային ընթացակարգ, որով հնարավոր կլինի մաքսային հսկողության գոտիներում գործունեություն ծավալող մասնավոր սուբյեկտներին որևէ տարածք հատկացնելիս մրցույթ հայտարարել: Ասվածը վերաբերում է նաև դյութի-ֆրիներին՝ անմաքս առևտրի սրահներին և նշված գործունեության մասով սահմանվում է, որ բոլոր պետական և համայնքային տարածքներում գործող անմաքս առևտրի սրահները պետք է մրցութային կարգով ընտրվեն, սահմանվում է նաև նախաորակավորման ընթացակարգ: Այս մասին «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի մտահոգություններին՝ կապված խանութներում և առևտրային մեծ ցանցերում հայ արտադրողների արտադրանքների պատշաճ ներկայացվածությանը, Բադասյանը տեղեկացրեց՝ նախաորակավորման պայմաններում անպայման տեղ է գտնելու դրույթ, որ Հայաստանում արտադրված ապրանքները որոշակի ավելի նպաստավոր դիրք են ունենալու ներմուծված ապրանքների նկատմամբ, այսինքն՝ ցուցադրված են լինելու ավելի տեսանելի, ավելի մատչելի վայրերում:
Հարակից զեկուցող, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը նշեց՝ նախագիծը բոլոր տնտեսվարողներին հնարավորություն է տալիս մաքսատան տարածքներում վարձակալությամբ ունենալ տարածքներ և ծավալել գործունեություն: Նա տեղեկացրեց՝ նախագիծը տնտեսական հարցերի հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն, խնդրեց կողմ քվեարկել:
ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով Ռուստամ Բադասյանին, մտահոգություն հայտնեց՝ դյութի-ֆրիներում վաճառվող արտադրանքները շատ ավելի թանկ են, քան խանութում վաճառվողները, այնինչ հակառակը պետք է լինի:
Արձագանքելով պատգամավորի մտահոգություններին՝ Բադասյանը նկատեց՝ իրենք պատասխանատու չեն գնագոյացման համար:
«Դա բիզնեսի ընտրությունն է: Ամեն դեպքում, մենք չենք նկատել որևէ մի բան, որը կվկայեր, որ մեր կարգավորումներում ինչ-որ մի բան այն չէ, որ արտադրողի գինը անմաքս առևտրի սրահում ավելի թանկ է, քան Հայաստանի ներսում է վաճառվում: Եթե կլինեն այնպիսի դիտարկումներ, որ ինչ-որ բան կարող ենք փոխել, պատրաստ ենք քննարկման: Մենք ընդամենը առաջարկում ենք, որ հայրենական արտադրանքն ավելի պատշաճ ներկայացված լինի անմաքս առևտրի սրահներում»,- ասաց ՊԵԿ նախագահը: