Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված 5 գործից մեկով՝ հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 2 մլրդ դրամը գերազանցող գույք
Հակակոռուպցիոն դատարանի վարույթում քննվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Դատարանը 27/02/2024 թվականի վճռով հաստատել է Գլխավոր դատախազության և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով անցնող Գալուստ Լուկաշի Գրիգորյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որով պատասխանող Գալուստ Լուկաշի Գրիգորյանն անհատույց Հայաստանի Հանրապետության սեփականությանն է հանձնում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող շուրջ 16 հազար քմ մակերեսով հողամասը՝ 2 մլրդ 18 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով, ինչը կազմում է ընդհանուր ապօրինի ծագում ունեցող գույքի շուրջ 77 տոկոսը։
Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանից, նրա երկու որդիներից և եղբոր որդուց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս չորս գործերի քննությունը Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է՝ տեղեկացնում են Բարձրագույն դատական խորհրդից։