Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո պլանավորում է Լատվիայում 600 զինվորականի տեղակայել
Շվեդիան խոստանում է ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո 600 զինծառայողի տեղակայել Լատվիայում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին լատվիական ռադիոյին հայտնել է Լատվիայի անդրատլանտյան կազմակերպության գլխավոր քարտուղար Սիգիտա Ստրուբերգան։
Նա նշել է, որ Շվեդիայի անդամակցությունը դաշինքին հիմնականում ունի տարածաշրջանային նշանակություն։
«Կարող ենք ասել, որ ՆԱՏՕ-ն լրացուցիչ խորություն է ձեռք բերում Բալթիկ ծովի համատեքստում», - ասել է Ստրուբերգան։
Նրա խոսքով՝ Շվեդիան ունի խոշոր ռազմաօդային ուժեր, ունի նաև մի քանի սուզանավ, ընդ որում` դրանց թիվը կավելանա։
Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է հաստատվի դաշինքի բոլոր անդամների կողմից։ Շվեդիայի կողմից անդամակցության հայտը ներկայացնելուց ավելի քան մեկուկես տարի անց Հունգարիան մնում է 31 անդամ պետություններից միակը, որը չի վավերացրել դաշինքին Շվեդիայի անդամակցության հայտը։
Հունգարիայի խորհրդարանը փետրվարի 26-ի երեկոյան նիստ կանցկացնի, որի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կհաստատի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։