Հնդկաստանում գնացքը «փախել է» կայարանից և 70 կմ սլացել առանց մեքենավարի
Հնդկաստանի երկաթուղային ընկերությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ բեռնատար գնացքն ավելի քան 70 կմ սլացել է առանց մեքենավարի, հաղորդում է BBC-ն։
Նշվում է, որ գնացքն առանց մեքենավարի սլացել է Ջամու և Քաշմիր նահանգի Կատուա քաղաքից մինչև Փունջաբի նահանգի Հոշիարպուրի շրջան։ Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 25-ին՝ տեղի ժամանակով ժամը 7։25-ից 09։00-ի միջակայքում։
Ջամու և Քաշմիրից Փունջաբ ուղևորվող 53 վագոն ունեցող գնացքը, որը բեռնված է եղել խճաքարերով, կանգ է առել Կատուայում անձնակազմը փոխելու համար։ Ըստ իշխանությունների, երբ մեքենավարը և նրա օգնականը դուրս են եկել գնացքից, այն սկսել է սլանալ երկաթգծերով դեպի վար։
Գնացքը շարժվել է 100 կմ/ժ արագությամբ՝ անցնելով 5 կայարաններով։ Շարժվող գնացքի մասին ահազանգ ստանալուց անմիջապես հետո պաշտոնյաները փակել են դրա ճանապարհին գտնվող երկաթուղային գծերի անցումները։
Գնացքը կանգնել է միայն այն բանից հետո, երբ երկաթգծերի վրա փայտե բլոկներ են տեղադրել։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։