Ժերար Դեպարդիեին կրկին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ
Ֆրանսիացի կինոաստղ Ժերար Դեպարդիեն հերթական անգամ մեղադրվել է սեռական բռնության, սեռական ոտնձգությունների և հայհոյանքների մեջ։ Այդ մասին տեղեկանում ենք Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից:
Փետրվարի 25-ին փաստաբան Կարին Դյուրիե Դիբոլտը հայտնել է, որ 53-ամյա բեմադրող նկարիչ Ամելին, որը Դեպարդիեի հետ 2021 թ. սեպտեմբերին աշխատել է «Կանաչ փեղկեր» («Les volets verts») ֆիլմի նկարահանումների ժամանակ, բողոք է ներկայացրել Փարիզի դատախազություն:
Mediapart ինտերնետ հանդեսի տեղեկատվության համաձայն` Դեպարդիեն բազմաթիվ վիրավորական հանդիմանություններ է արել կնոջը։ Այնուհետև դերասանն, իբր, բռնել է նրան և դիպել իրանին, կրծքին և որովայնին: Կինը հայտարարել է, որ հետագա ոտնձգություններից իրեն փրկել են դերասանի`սենյակ մտած անվտանգության աշխատակիցները։
Նկարահանման հրապարակում մեկ այլ աշխատակցուհի՝ ռեժիսորի 33-ամյա օգնականը, նույնպես մեղադրել է դերասանին այն բանում, որ 2021 թ. օգոստոսի 31-ին նկարահանումների ժամանակ երկու անգամ դիպել է իր մարմնի տարբեր հատվածների։
75-ամյա Դեպարդիեին քանիցս մեղադրել են սեռական բռնության մեջ: 2023 թ. ապրիլին դերասանի անպարկեշտ պահվածքի մասին են հայտարարել միանգամից 13 կանայք` դերասանուհիներ, էպիզոդիկ դերակատարներ և դիմահարդարներ։ Ավելի ուշ ոտնձգությունների մասին է հայտարարել իսպանացի լրագրողուհի Ռուտ Բասան՝ պնդելով, որ 1995 թ. Դեպարդիեի կողմից բռնության է ենթարկվել, երբ նրանից հարցազրույց է վերցրել Cinemanía ամսագրի համար: