Ոստիկանները դպրոցներում աշակերտներին «շմոն» են անում, թմրանյութ փնտրում
Թեև Ոստիկանությունը 2023 թվականը հայտարարել էր թմրամիջոցների դեմ պայքարի տարի, սակայն, ակնհայտ է, որ այն օգտագործողների թիվը գնալով մեծացել է։
Այն, որ ոստիկանության աշխատակիցները թմրամիջոց հայտնաբերելու համար խուզարկություններ են իրականացնում գիշերային ակումբներում, զվարճանքի այլ վայրերում, հասկանալի է, բայց խնդիրն այնքան է հասունացել, որ թմրամիջոցները մուտք են գործել նաև կրթական հաստատություններ, այդ թվում՝ դպրոցներ։
Oragir.News-ի տեղեկություններով, ոստիկաններն առանց նախապես զգուշացնելու այցելում են ՀՀ մի շարք դպրոցներ, հատկապես մայրաքաղաքի դպրոցներ և խուզարկություններ իրականցնում, ստուգում նաև աշակերտներին, այլ կերպ ասած՝ «շմոն» անում։
«Աշակերտների գրպանները, պայուսակները ստուգում են, այնուհետև առանձին շորերը հանել են տալիս և խուզարկում։ Առաջին հայացքից սա նորմալ չէ, բայց հաշվի առնելով վտանգի չափերը, ճիշտ ենք համարում նաև պայքարի այս տարբերակը, որովհետև աշակերտը կմտածի, որ դպրոցի տարածքում ամեն պահ կարող են ոստիկաններ գալ և իրեն խուզարկել»,- հայտնել է կայքի զրուցակիցը։
Խնդիրը նաև այն է, որ լրատվամիջոցի տեղեկություններով, այդ մի քանի «միջոցառումներին» հոգեբան ներկա չի եղել, ինչը անչափահասների հետ ոստիկանական գործողությունների համար պարտադիր պայման է։