Աշոտյանին ասվել է, որ իր հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ տրվելու է իր հասանելիք տեսակցությունների հաշվին. ՔԿԾ
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ տեսակցություն չտրամադրելու վերաբերյալ հայտարարությանը։ Պարաբանման մեջ ասված է․
«Զանգվածային լրատվամիջոցներով տարածվել էր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Արմեն Աշոտյանի պատասխանը քաղաքացուն, որ․ «․․․արդարադատության նախարարությունն ամեն կերպ խոչընդոտում է իմ հանդիպումները ԶԼՄ-ների այն ներկայացուցիչների հետ, որոնք ինձանից հարցազրույց վերցնելու ցանկություն են հայտնել, թեպետ իրավակարգավորումներով նման հնարավորություն նախատեսված է․․․»։
Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ Արմեն Աշոտյանը գրավոր դիմել էր Քրեակատարողական ծառայությանը որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպելու խնդրանքով, եթե հանդիպումը չի իրականացվելու իր ամսական տեսակցությունների հաշվին։
Քրեակատարողական ծառայությունից Արմեն Աշոտյանին պատասխանել էին, որ համաձայն «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի՝ վերջինիս հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ տրամադրվելու է նրա հասանելիք տեսակցությունների քանակի հաշվին, որից հետո Արմեն Աշոտյանից նոր դիմում չի ստացվել։
Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և Քրեակատարողական ծառայությունը չեն խոչընդոտում Արմեն Աշոտյանի հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ»։