Ոստիկանները հերթական գողության դեպք են բացահայտել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանի) ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Լոբյանի գլխավորությամբ հերթական բնակարանային գողության դեպքն են բացահայտել թարմ հետքերով։ Տավուշի մարզի ոստիկանները ոչ միայն կարողանում են թարմ հետքերով անձնական ունեցվածքի գողության դեպքեր բացահայտել այլ նաև բազմիցս իրենց օպերատիվ աշխատանքի շնորհիվ կանխել են գողություններ կատարելու դեպքեր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 24-ին, ոստիկանության Տավուշի բաժին է դիմել Երևանում բնակվող 61-ամյա Շաքար Ե․-ն և հայտնել, որ փետրվար ամսվա առաջին օրերին անհայտ անձը կամ անձինք օգտվելով իր տանը չբնակվելու հանգամանքից, մտել են Մովսես գյուղում գտնվող իր տուն և կատարել գողություն։
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի խումբը, որտեղ գողության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մինչ քրեագետը դեպքի վայրում աշխատանքներ էր կատարում Տավուշի մարզի ոստիկանները տաք հետքերով պարզում են դեպքի որոշ հանգամանքներ և գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Տավուշի բաժին են բերման ենթարկում Տավուշի մարզի բնակիչներ 23-ամյա Արմեն Ա․-ին և 35-ամյա Աշոտ Ա․-ին։
Վերջիններս խոստովանում են, որ իրենք են մտել նշված տուն, տանը կից շինության պատուհանին դրված քարի տակից վերցրել են նկուղի բանալիները, ապա մտել առաջին հարկի նկուղ և այնտեղից գողացել տարբեր տարողությամբ շուրջ 230 լիտր օղի, 1 հատ բենզինով աշխատող սղոց, 25 հատ մսի պահածոներ, 1 հատ այրիչ (գարելկա), խոհանոցային դանակների հավաքածու, երկրորդ նկուղից գողացել են տեսաձայնագրման «DVR» համակարգը, բակից գողացել են 1 հատ տեսանկարահանող սարքը, ինչպես նաև բանալիով դուռը բացելու միջոցով մուտք են գործել տուն, խառնել տան իրերը և գողացել 1 հատ մազ կտրելու էլեկտրական սարք։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, տուժած Շաքար Ե․-ին պատճառվել է մոտ 900 հազար դրամի վնաս։
Կասկածյալները ոստիկանության Տավուշի բաժնից ներկայացվել են Բերդի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔՐ օր-ի 254 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4- րդ կետերի, 254 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։