«Զինառի» և ՓԲԸ-ում ՊՎԾ-ի բացահայտած չարաշահումների ոդիսականը 4 տարի անց
168.am-ը գրում է․
475 միլիոն դրամ. ահա այսքան է արժեցել Պաշտպանության նախարարության՝ հերթական մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով գնումը «Զինառ» ՓԲԸ-ից: Պետգնումների armeps համակարգում գնման առարկա է մատնանշվել «հատուկ նշանակության այլ ծառայություններ»-ը, իսկ պայմանագրի տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ այդ ծառայությունները ներառում են ՀՀ ՊՆ շենքերի սանիտարական մաքրումը, կոմունալ սպասարկումը, ինժեներատեխնիկական ենթակառուցվածքների տեխնիկական սպասարկումը և տարածքի բարեկարգումը: Ծառայությունները պետք է իրականացվեն 2024 թվականի առաջինից չորրորդ եռամսյակների ընթացքում:
Պայմանագիրը ստորագրել է «Զինառ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արշակ Օրդուխանյանը: Մինչև Արշակ Օրդուխանյանին անդրադառնալը, շարունակենք խոսել պետգնումներում «Զինառ»-ի հաջողությունների մասին:
ՊՆ-ն հենց այս՝ 475 միլիոն դրամի չափով ու դարձյալ ոչ մրցակցային նույն ընթացակարգով նույն ընկերությունից գնում էր կատարել նաև նախորդ տարի մարտին՝ ՓԲԸ-ին պատվիրակելով սանիտարական մաքրման և տարածքի բարեկարգման ծառայություններ:
«Զինառ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2000 թ.-ի Կառավարության Ն 908 որոշումով և հանձնվել ՊՆ-ի ենթակայությանը. նշված էր՝ ընկերության բոլոր բաժնետոմսերը սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: Հիմնադրի լիազորությունները վերապահված են Պաշտպանության նախարարությանը:
Ընկերության հետ կապված աղմկահարույց իրարանցում սկսվեց 2020 թվականին. ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն էր ամփոփել այս ՓԲԸ-ում իր ուսումնասիրությունը 2017-2019թթ.-ի գործունեության մասին, և արդյունքում արձանագրել շուրջ 160 միլիոն դրամի խախտումներ:
«Համադրելով ստացված արդյունքը և ծախսված միջոցները՝ արդյունավետության վերահսկողության տեսանկյունից առաջարկվել է դադարեցնել «Զինառ» ՓԲԸ-ի հետագա գործունեությունը՝ նույն գործառույթները վերապահելով ՊՆ համապատասխան ստորաբաժանումներին:
Տեղեկանքի հիման վրա ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը՝ նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»,- ահա այսպես էր ՊՎԾ-ն ամփոփել կատարած ուսումնասիրության մասին 2020 թվականի սեպտեմբերի 25-ի իր հաղորդագրությունը:
Դրանից հետո պատմությունը լռեց «Զինառ»-ի ճակատագրի մասին:
Գործի հարուցումից անցավ 4 տարի, և 168.am–ը փորձեց պարզել, թե, ի վերջո, ինչ իրավական հետևանքներ ունեցան 160 մլն դրամանոց ենթադրյալ չարաշահումները:
Քննչական կոմիտեից մեզ մասնավորապես փոխանցեցին. «Այդ վարույթով նախաքննությունը դեռևս շարունակվում է, քննչական ակտիվ գործողություններ այս պահին էլ ընթանում են։ Այս պահին դեռևս որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել, վերաբերելի անձանց գործողություններին իրավական գնահատականներ կտրվեն՝ ելնելով նախաքննության արդյունքում ձեռք բերվող ապացույցների համակցությունից»:
Փաստորեն, 4 տարի շարունակվող նախաքննության ընթացքում ՓԲԸ-ում ՀՀ պետական վերահսկողական ծառայության բացահայտած չարաշահումների մասին հանրության համար հասանելի դարձնելու որևէ դրվագ դեռևս չկա:
Ըստ իրավաբանական անձանց e-register համակարգի՝ 2022 թվականի մարտի 14-ից «Զինառ»-ում 100 տոկոս մասնակցությամբ իրական շահառու է Արշակ Օրդուխանյանը, որը պայմանագրերում նաև հանդես է գալիս ՓԲԸ տնօրենի ժ/պ կարգավիճակով: Կայքում նշված է նաև իրական շահառու հանդիսանալու հիմքը՝ տվյալ իրավաբանական անձի գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ լինելն է:
Հավելենք նաև, որ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ «Արշակ Օրդուխանյան» անվանն են առնչվում նաև «Առաջին գրավատուն», «ԳևԳոռ» ՍՊԸ-ները:
Արշակ Օրդուխանյանի մասին
Արշակ Օրդուխանյանի անունը շրջանառվեց և առավել հայտնի դարձավ արդեն 2018 թ.-ի թավշյա իրադարձություններից հետո: Տարածվեցին որոշ տեղեկություններ, այդ թվում՝ նաև ՔՊ-ի հետ առնչությունների մասին, որոնց բաց նամակով արձագանքեց Արշակ Օրդուխանյանը: Մամուլում հրապարակված նամակում մասնավորապես նշված էր. «Ինչ վերաբերում է իմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելուն, ապա շատ եմ ուզում շեշտել, որ կուսակցությանն ու թավշյա հեղափոխությանը միացել եմ ապրիլի 15-16-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ հեղափոխության հաղթանակին քչերն էին հավատում, և որևէ շահ չեմ հետապնդել: Միացել եմ ու գործուն աջակցություն եմ ունեցել բոլոր առումներով՝ հավատալով այդ շարժումն առաջնորդող Նիկոլ Փաշինյանի հռչակած արժեքներին ու գաղափարներին»:
Հետագայում նրա անունը հայտնվեց ՔՊ նախընտրական ցուցակներում, իսկ 2021 թվականին նոյեմբերին արդեն հայտնի դարձավ, որ Արշակ Օրդուխանյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հասարակական հիմունքներով խորհրդական:
Ի դեպ, Արշակ Օրդուխանյանը շարունակել է աջակցել և հավատալ հռչակված արժեքներին ու գաղափարներին, նա Երևանի ավագանու ընտրություններից առաջ՝ դեռևս 2023 թ. հուլիսի 31-ին, 1.5 միլիոն դրամով մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյին: