Շվեյցարիան նախատեսում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով խորհրդաժողով անցկացնել
Շվեյցարիան նախատեսում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով խորհրդաժողով անցկացնել մինչև 2024-ի ամառվա սկիզբը։
«Գաղափարն այն է, որ մինչև ամառ նախարարական մակարդակով համաժողով կազմակերպվի, որը կարող է բացել դեպի խաղաղություն տանող գործընթացը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած ճեպազրույցից Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:։
Նախարարի խոսքով ՝ միջոցառումն անհրաժեշտ է ուղի գտնելու համար, որը վաղ թե ուշ կարող է ապահովել Ռուսաստանի ընդգրկումը:
Նա նշել է, որ Շվեյցարիայի խորհրդաժողովին Ռուսաստանի մասնակցության հույսը բավականին փոքր է:
Կասիսը պատմել է, որ այդ թեմայով խոսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, ով ասել է, որ դուռը միշտ բաց է լուրջ առաջարկների համար։
Շվեյցարիայի ԱԳ նախարարը միաժամանակ խոստովանել է, որ երկընտրանքն այն է, թե որքանով է մյուսների համար ընդունելի այն, ինչը լուրջ է համարում Ռուսաստանը:
Ինյացիո Կասիսը պնդում է, որ Շվեյցարիան փորձում է կարգավորման ուղղությամբ քայլ կատարել:
Նրա կարծիքով՝ Ուկրաինայում խաղաղության հարցում տեղաշարժ չկա, ինչը ցույց տվեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը, որին նա մասնակցում էր: