Սյունիքում ԱԱԾ սահմանապահ ջոկատի 5 նոր ուղեկալ է բացվել․ Աբազյանը շրջայց է կատարել զորամասում (տեսանյութ)
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն այցելել է ՀՀ սահմանապահ զորքերի N ջոկատ եւ մասնակցել սահմանապահ ջոկատի նորակառույց 5 ուղեկալների եւ դրանց կից սպայական կացարանների շահագործման հանձնելու բացման արարողությանը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները եւ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Արմեն Աբազյանն իր խոսքում նշել է, որ տարծաշրջանային գործընթացները ցույց են տալիս, որ փաստացի ավելացել է սահմանի ձգվածությունը: Եթե դրան ավելացվի նաեւ սահմանային ռիսկերի ողջ սպեկտորը՝ նարկոթրաֆիկից մինչեւ ահաբեկիչների տեղափոխում, անօրինական միգրացիայից մինչեւ մաքսանենգություն, ապա սահմանապահ զորքերի վերազինումն ու արդիականացումը ժամանակի հրամայական է:
Սյունիք, Ճակատեն, Եղվարդ, կաղնուտ, Դավիթ Բեկ սահմանային ուղեկալներն ամբողջությամբ ապահովված են ժամանակակից տեխնիկայով, սպառազինությամբ, անհրաժեշտ պարագաներով: Սահմանապահ զորքերի ստորաբաժանումները համալրվում են տարբեր տեսակի ժամանակակից միջոցներով, կահավորվել է 18 սահմանապահ կետ, կառուցվել են խրամատներ, կրակակետեր եւ դիտման կետեր: ԱԱԾ տնօրենը շրջայց է կատարել, ծանոթացել պայմաններին: