Հունգարիան պատրաստվում է հաստատել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը
Հունգարիան ուրբաթ Շվեդիայից չորս Saab JAS Gripen կործանիչներ գնելու պայմանագիր է ստորագրել, ինչը, ըստ Reuters-ի, կարող է պայման դառնալ Հունգարիայի խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացման համար:
Հունգարիան Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի վերջին անդամն է, որը չի վավերացրել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ խորհրդարանը վավերացման հարցը կքվեարկի երկուշաբթի: Հանդիպելով Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ՝ Օրբանն ասել է, որ իրենք ավարտել են միմյանց նկատմամբ վստահության վերականգնման երկարատև գործընթացը, որը, ըստ նրա, վերջերս «թուլացել էր»: Երկու ղեկավարներն էլ ընդունել են, որ որոշ հարցերում տարաձայնություններ ունեն, բայց համաձայնել են համագործակցել հնարավորության դեպքում:
Հունգարիան ավելի վաղ Շվեդիայից ձեռք է բերել Gripen կործանիչներ վարձակալության պայմանագրի շրջանակներում, որի ժամկետը շուտով լրանում է: Շվեդիայի վարչապետը ողջունել է երկու պետության միջև համագործակցության խորացումը: Նրա համոզմամբ՝ համաձայնագիրը կամրապնդի եվրոպական անվտանգությունը և օգուտ կբերի երկու երկրին:
Օրբանը, որի ազգայնական կառավարությունը սերտ տնտեսական կապեր է պահպանում Ռուսաստանի հետ, բազմիցս հետաձգել է վավերացումը՝ վկայակոչելով իր դժգոհությունը Շվեդիայից, որը Հունգարիային քննադատում էր օրենքի գերակայության հարցում ունեցած ցուցանիշների համար: