Անհայտ անձինք սպառնացել են ռումբեր պայթեցնել Աթենքի երեք դեսպանատներում
Հունաստանում երեք երկրների դեսպանատներում և երկրի խորհրդարանում ենթադրաբար տեղադրված ռումբերի մասին հունական հեռուստաալիքները չորս հեռախոսազանգ են ստացել։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Ekathimerini պարբերականից։
Ռումբի սպառնալիքներ են ստացել Աթենքում ԱՄՆ-ի, Իսրայելի և Եգիպտոսի դեսպանատները։ Ըստ պարբերականի՝ անհայտ անձինք կապ են հաստատել հեռուստաընկերությունների հետ և տեղեկացրել, որ երեք դեսպանատներում ռումբերը կպայթեցվեն առավոտյան ժամը 11։30-ին:
Մեկ այլ զանգ նախազգուշացրել է, որ խորհրդարանի շենքի մոտ է ռումբ պայթելու։
Ոստիկանության պայթուցիկ սարքերի վնասազերծման ջոկատը արագ մեկնել է նշված վայրեր: Դրա հետ մեկտեղ, ըստ ոստիկանության տվյալների, դեռ ոչ մի ճանապարհ չի փակվել։