Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է Փաշինյանի հայտարարությունները
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները պատերազմի նախապատրաստման մասին՝ նման հայտարարությունները համարելով բոլորովին անհիմն։
Նրանք հայտարարել են, որ «Ֆրանսիայի France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Փաշինյանի կողմից Ադրբեջանի հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքները նպատակ ունեն հերթական հարվածը հասցնել խաղաղ գործընթացին՝ միտումնավոր սրելով տարածաշրջանում լարվածությունը»։
«Այն պնդումները, թե իբր Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, չի համապատասխանում միջազգային իրավունքին, առկա փաստերի ակնհայտ խեղաթյուրում է և նպատակ ունի մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
ԱԳՆ-ն նշել է, որ Հայաստանի հայտարարությունները, այսպես կոչված, Ադրբեջանի պատերազմի նախապատրաստման մասին՝ կոծկում են Երևանի ապակայունացնող քայլերը, որը վերջին 5 ամիսների ընթացքում իրականացնում է տարածաշրջանում զանգվածային ռազմականացման և կայունության խախտման քաղաքականություն։
Բաքուն գտնում է, որ հայկական կողմի նման հայտարարությունները, որոնք արվել են Ֆրանսիայում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների վերջին հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ, անհարգալից վերաբերմունք է Գերմանիայի ջանքերի նկատմամբ, ինչը «կարելի է վկայություն համարել Ֆրանսիայի շարունակական բացասական ազդեցությանը խաղաղ գործընթացի վրա»։
Բաքուն կոչ է արել Երևանին՝ հրաժարվել խաղաղ հեռանկարին վնասող հայտարարություններից և օգտագործել ստեղծվող հնարավորությունները հարավկովկասյան տարածաշրջանը խաղաղության և համագործակցության տարածքի վերածելու համար։