Ֆերմերները տրակտորներով հասել են Փարիզի կենտրոն․ ի՞նչ են պահանջում իշխանություններից
Ֆերմերները Ֆրանսիայի տարբեր շրջաններից տրակտորներով անցել են Փարիզի կենտրոնով՝ պետական օժանդակության միջոցների պահանջով: Այդ մասին իրադարձությունների վայրից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Ակցիային մասնակցում է մոտ 50 տրակտոր, որոնց վրա ֆերմերներն ամրացրել են ֆրանսիական դրոշներ և պաստառներ` «Դադարեցրե՛ք անվերահսկելի ներմուծումը» պահանջով՝ բողոքելով նաև Ուկրաինայից էժան գյուղատնտեսական ապրանքների ներմուծման դեմ։
Տրակտորային երթը տեղի է ունենում միջազգային գյուղատնտեսական համաժողովի նախօրյակին, որը Փարիզում կսկսվի փետրվարի 24-ին։ Ակնկալվում է, որ այն կբացի հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա խոստացել է երկխոսություն վարել ֆերմերների հետ օժանդակության միջոցների շուրջ:
Ֆերմերների բողոքի ակցիաներ են ընթանում եվրոպական տարբեր երկրներում։