Զելենսկին հանդիպել է Ուկրաինայում հավատարմագրված դեսպանների հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 22-ին հանդիպում է ունեցել Ուկրաինայում հավատարմագրված դեսպանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հաղորդում են Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել օտարերկրյա դիվանագետներին Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայում մնալու և երկրին աջակցելու համար։
«2024 թվականին մենք պետք է հնարավորինս շատ բան անենք այս պատերազմը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և ՄԱԿ-ի կանոնադրության նորմերին համապատասխան ավարտելու համար», - ասել է Զելենսկին։
Նա նշել է, որ դրա համար պետք է հստակ խնդիրներ լուծել, որոնցից առաջինն ուկրաինացիներին պաշտպանելն է։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ուկրաինային պաշտպանական, մակրոֆինանսական և հումանիտար աջակցություն ցուցաբերող գործընկերներին։
Երկրորդ խնդիրն, ըստ Զելենսկիի, Ուկրաինայի Խաղաղության բանաձևի շուրջ աշխարհը միավորելն է։
«Խաղաղության բանաձևը կարող է յուրաքանչյուր ազգի բերել իրական, արդարացի և հստակ խաղաղություն», - ասել է Ուկրաինայի ղեկավարը՝ հավելելով, որ դրա շնորհիվ կարելի է կատարել կարևոր հումանիտար առաջադրանք՝ հայրենիք վերադարձնել Ռուսաստան արտաքսված ուկրաինացի երեխաներին և մեծահասակներին, այդ թվում՝ ռազմագերիներին ու քաղբանտարկյալներին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ երրորդ խնդիրը գործընկերների հետ համատեղ աշխատանքն է՝ ընդլայնելու պաշտպանության ոլորտում համագործակցությունը և ավելացնելու Ռուսաստանի վրա ճնշումը, որպեսզի Մոսկվան չկարողանա շրջանցել պատժամիջոցները: