2 մլրդ դրամը գերազանցող գույքը փոխանցվում է ՀՀ-ին. դատախազությունը կնքել է հերթական հաշտության համաձայնությունը
Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2024 թվականի փետրվարի 21-ին հաշտության համաձայնություն է կնքել ՀՀ քաղաքացի Գալուստ Լուկաշի Գրիգորյանի հետ:
Տեղեկացնենք, որ Գալուստ Գրիգորյանին պատկանող գույքի առնչությամբ 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել էր ուսումնասիրություն։
Կատարված ուսումնասիրության արդյունքում՝ 2022 թվականի մարտի 25-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայցադիմում, որը հետագայում փոխանցվել էր Հակակոռուպցիոն դատարանին:
Գալուստ Գրիգորյանը՝ ներկայացուցչի միջոցով, Գլխավոր դատախազությանն է ներկայացրել հայցի քննությունը հաշտությամբ ավարտելու առաջարկ:
Վերոնշյալ առաջարկի հիման վրա՝ Գլխավոր դատախազության և պատասխանողի ներկայացուցչի միջև 2024 թվականի փետրվարի 21-ին կնքվել է հաշտության համաձայնություն, որով Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող՝ 16.013 քմ մակերեսով հողամասը՝ 2 մլրդ 18 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով, ինչը կազմում է ընդհանուր հայցագնի 76,93 տոկոսը:
Ստորագրված հաշտության համաձայնությունը 2024 թվականի փետրվարի 22-ին ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան՝ օրենքով սահմանված կարգով հաստատելու նպատակով։
Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ նշված հաշտության համաձայնությունը դատարանի կողմից ենթակա է հաստատման մեկամսյա ժամկետում։