ԱՄՆ հանձնակատարը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ անհանգստություն է հայտնել Իրանի միջուկային մշակումների առնչությամբ
Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի պաշտոնակատար Աբրամ Փեյլին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին քննարկել են Թեհրանի միջուկային մշակումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վիեննայում Փեյլիի ու Գրոսիի հանդիպման մասին մանրամասներ է հայտնել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք նախկինի նման լրջորեն անհանգստացած ենք Իրանի միջուկային ծրագրի շարունակական ընդլայնմամբ այնպիսի ձևերով, որոնք չունեն վստահելի քաղաքացիական ուղղվածություն, ներառյալ՝ բարձր հարստացված ուրանի շարունակվող արտադրությունը», - ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
Ըստ Միլլերի՝ հանդիպման ժամանակ կողմերը նաև մտահոգություն են հայտնել Իրանի կողմից ՄԱԳԱՏԷ-ի հետ «համագործակցության լուրջ պակասի» շուրջ։
Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը օրերս հայտնել էր, որ Իրանում ուրանի մինչև 60 % հարստացումը Վաշինգտոնում համարում են ռազմական բնույթ կրող, բայց տրամադրված են խնդրի քաղաքական-դիվանագիտական լուծման:
2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները և Գերմանիան Իրանի հետ ստորագրեցին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որը նպատակաուղղված էր հաղթահարելու Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ստեղծված ճգնաժամը: ԱՄՆ նախորդ նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշեց դուրս գալ այս համաձայնագրից։ Ամերիկյան վարչակազմի ներկայիս ղեկավար դեմոկրատ Ջո Բայդենը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքին: Այս հարցի շուրջ Վիեննայում անցկացված բանակցությունները, սակայն, ձախողվել են։