Պուտինն ու Տոկաևը պայմանավորվել են շարունակել տնտեսական, էներգետիկ, ներդրումային ոլորտներում գործակցությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին Կազանում «Ապագայի խաղեր» միջազգային մրցաշարի շրջանակում ընդունել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին:
Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները պայմանավորվել են շարունակել տնտեսական, էներգետիկ, ներդրումային և այլ ոլորտներում գործակցությունը: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղազախստանում ջերմաէլեկտրակայանների կառուցման վերաբերյալ։ Օրակարգում է Ղազախստանի տարածքով Չինաստան գազատարի կառուցումը»,- մանրամասնել է Ղազախստանի նախագահը։
Տոկաևն ընդգծել է՝ Ռուսաստանում նախատեսված նախագահի ընտրության արդյունքների հետ կապված կասկածներ չկան, քանի որ, նրա ձևակերպմամբ, Պուտինի օրոք Ռուսաստանը տպավորիչ հաջողությունների է հասնում։
«Ձեր հայտարարություններով ու գործողություններով համաշխարհային օրակարգ եք ձևավորում»,- Տոկաևը դիմել է Կրեմլի ղեկավարին։
Պուտինն ընդունել է նաև Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Սերբիայի Հանրապետության ղեկավարներին: