Անգործության համար աշխատանքից հեռացվածները վախենում են նստել հրապարակային քննարկման․ ՔՊ
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է․
«Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունն այսօր հանրային լսումներ է կազմակերպել Երևանի քաղաքապետարանում գլխավոր հատակագծի նախագծի վերաբերյալ՝ հրավեր ուղարկելով նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը:
Երեկ խմբակցության ղեկավարի կողմից անձամբ լսումները կազմակերպող ընդդիմադիր ավագանու անդամին փոխանցվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու անդամի անուններ, ովքեր պետք է մասնակցեին լսումներին, սակայն «Ազգային առաջընթաց» խմբակցությունից հայտնել են, որ այլևս ազատ տեղեր չկան և իշխող խմբակցությունը չի կարող մասնակցել, իսկ այսօր կիսադատարկ սրահում իրենց երկու անգամ Երևանի քաղաքապետարանից հեռացված «առաջնորդը» հայտարարում է, թե քաղաքապետարանի պաշտոնյաները չեն մասնակցում ընդդիմության քննարկումներին՝ վախենալով, որ կազատվեն աշխատանքից:
Վերջին ավագանու նիստերում մեզ իրենց խոսքի իրավունքից իբր զրկելուց մեղադրողները, իսկ իրականում անգործության համար աշխատանքից հեռացվածները, այսօր հենց իրենք են վախենում նստել իշխանության ներկայացուցիչների հետ հրապարակային քննարկման:
Վառ օրինակ այն մասին, թե ինչպես է ընդդիմությունն իրենց դատարկ օրակարգը լցնելու և իշխանության հասցեին քննադատություն հնչեցնելու համար քաղաքային խնդիրների մասին մտահոգվելու իմիտացիայով զբաղված»: