Արման Եղոյանը կարևորել է Լիտվայի դերը Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման հարցում
Լիտվան առաջին երկիրն էր, որը ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Մենք կարևորում ենք Լիտվայի հետ կապերի խորացումը, տարբեր ոլորտներում ու հարթակներում համագործակցության զարգացումը: Ողջունելով Լիտվայի ԱԳ փոխնախարար Յոնաս Սուրվիլայի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ ասել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Փետրվարի 22-ին կայացած հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շրջանակում երկկողմ փոխգործակցությանը: Արման Եղոյանը կարևորել է Լիտվայի դերը Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման հարցում:
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հյուրերին ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, մարտահրավերները:
Արսեն Թորոսյանը խոսել է խորհրդարանների բարեկամական խմբերի միջև սերտ հարաբերություններից, ընդգծել, որ դրանք վերջին տարիներին դինամիկ զարգանում են:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև երկկողմ փոխգործակցության խթանմանն առնչվող այլ հարցերի, այդ թվում` Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի արտոնագրերի ազատականացմանը: