Ստոլտենբերգը Կոբախիձեին հորդորել է շարունակել բարեփոխումները՝ ՆԱՏՕ-ին ավելի մոտենալու համար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բրյուսելում հանդիպել է Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: Համատեղ մամուլի ասուլիսում Ենս Ստոլտենբերգը Թբիլիսիին հորդորել է շարունակել բարեփոխումները, պաշտպանել ժողովրդավարական արժեքները՝ ավելի մոտենալու Հյուսիսատլանտյան դաշինքին:
«Ողջունում եմ այն փաստը, որը Վրաստանն առաջընթաց է գրանցել ճգնաժամային կառավարման, կիբեռանվտանգության, ռազմատեխնիկական և անվտանգ կապի ոլորտներում»,- հավելել է Ստոլտենբերգը:
Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանի տարածքի 20 տոկոսն օկուպացված է, և այդ հարցում Թբիլիսին միջազգային հանրության աջակցության կարիքն ունի: Նա շեշտել է՝ «Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է։ Վրաստանի նոր վարչապետի պաշտոնում իմ առաջին արտասահմանյան այցը Բրյուսել դրա վառ ապացույցն է»: