Անահիտ Մանասյանն ընդունել է «Ճախրուկ» մշակութային ՀԿ հիմնադիրներին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 22-ին ընդունել է «Ճախրուկ» մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիրներ Աննա և Անահիտ Մխիթարյաններին։
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների և երեխաների իրավունքներին առնչվող հարցերն իր անմիջական ուշադրության ներքո են։ Պաշտպանը կարևորել է տարբեր առանձնահատկություններով անձանց իրավունքների երաշխավորումն ու պատշաճ ապահովումը։ Այդ ուղղությամբ Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներն ամենօրյա աշխատանքներ են իրականացնում։
Այս համատեքստում նա չափազանց կարևորել է խնամքի հաստատություններում անձանց իմաստալից զբաղվածության ապահովումը և այդ գործում յուրքանչյուրիս ջանքերի մեկտեղումն ու արդյունավետ համագործակցությունը:
Հանդիպման շրջանակում, ի թիվս այլնի, քննարկվել են նաև այդ հաստատություններում տարբեր ծրագրերի իրականացման գործընթացում մարդու իրավունքներին առնչվող հարցեր։
Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։