Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել ադրբեջանցի Քամիլ Զեյնալլիին Հայաստանին հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը
Հայաստանի գլխավոր դատախազությունը փետրվարի 22-ին ՀՀ իրավասու մարմնից ստացել է Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից նախօրեին հայտնաբերված՝ հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցի Քամիլ Զեյնալլիին Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշված փաթեթը՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնման միջնորդության հետ միասին, քիչ առաջ ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն:
Ավելի վաղ Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակն «Արմենպրես»-ին հայտնել էր, որ Հայաստանի ՆԳՆ-ն փետրվարի 21-ի կեսօրին Ռուսաստանից պաշտոնական գրություն է ստացել Հայաստանի կողմից մարդկայնության դեմ հանցագործության մեղադրանքով հետախուզվող ադրբեջանցի Քամիլ Զեյնալլիին հայտնաբերելու մասին։ ՆԳՆ-ն անմիջապես հաստատել է, որ Զեյնալլին Հայաստանի կողմից գտնվում է միջպետական հետախուզման մեջ, խափանման միջոցը՝ կալանք։
Փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ոստիկանությունը Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալել է Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալլիին, որի նկատմամբ Հայաստանի կողմից միջազգային հետախուզում է հայտարարված։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրել էր, որ Զեյնալլիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված սպանության մեղադրանքով։ Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Զեյնալիի փաստաբանին, մանրամասներ ներկայացրեցին, թե Հայաստանում ինչ մեղադրանքներ են ներկայացվել Զեյնալլիին։ Զեյնալիի փաստաբանը հայտնել էր, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 135-րդ (մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ), 147-րդ (վարձկանությունը) և 149-րդ (ռազմական ագրեսիան) հոդվածներով։
Փետրվարի 21-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ՌԴ իրավապահներն ազատ են արձակել Զեյնալլիին, իսկ ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Քամիլ Զեյնալլին վերադարձել է Բաքու՝ տարածելով համապատասխան լուսանկարներ և տեսանյութեր։
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Քամիլ Զեյնալլին մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին, որի ընթացքում իրականացրել է պատերազմական հանցագործություններ, մասնավորապես սպանել է խաղաղ բնակչի։