Լիտվայի ԱԳ փոխնախարարը հյուրընկալվել է ՏԿԵ նախարարությունում
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության ԱԳ փոխնախարար Յոնաս Սուրվիլայի գլխավորած պատվիրակությանը։
ՏԿԵ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում էլեկտրաէներգիայի ոլորտում առկա իրավիճակը, համագործակցության մանրամասները գործընկեր պետությունների, մասնավորապես՝ հարևան Վրաստանի ու Իրանի հետ և նշել, որ մեր նպատակն է էլեկտրաէներգիայի հարցում բալանսավորված քաղաքականություն վարել։
Հակոբ Վարդանյանը հանդիպման ընթացքում խոսել է Հայաստանում արևային էներգիայի զարգացման տպավորիչ տեմպերի վերաբերյալ։
Լիտվայի ԱԳ փոխնախարարն իր հերթին նշել է, որ անցումն արևային էներգիային առաջնահերթություն է Եվրամիության համար և այս հարցում ԵՄ-ն կարող է օգտակար լինել Հայաստանին։
Յոնաս Սուրվիլան նաև հետաքրքրվել է ատոմային էներգիայի ոլորտում առկա իրավիճակի մասին։ ՏԿԵ նախարարի տեղակալը նշել է, որ հավանաբար հաջորդ տարի Հայաստանն ատոմակայանի հարցում կունենա որոշում, իսկ այժմ բանակցություններ ու քննարկումներ են ընթանում, հարավկորեական, ռուսական, ամերիկյան և մի շարք այլ ընկերությունների հետ։ Վերջնական որոշումն, ըստ Վարդանյանի, կախված է մի շարք գործոններից։
Լիտվայի ԱԳ փոխնախարարի հետաքրքրության կենտրոնում էր նաև Հարավային Կովկասից Սև ծովի հատակով մալուխով դեպի Եվրամիություն «կանաչ էլեկտրաէներգիայի» արտահանման ծրագրին Հայաստանի միանալու հնարավորության հարցը։
Հակոբ Վարդանյանն ընդգծել է, որ ծրագիրը Հայաստանի ուշադրության կենտրոնում է և քանի որ այժմ էլեկտրաէներգիայի ոլորտում կա համագործակցություն Վրաստանի հետ, մեծ է ցանկությունը միանալ այդ ծրագրին և համագործակցել ԵՄ անդամ երկրների հետ ևս, հատկապես որ Հայաստանը էլեկտրաէներգիայի արտահանման հարցում մեծ պոտենցիալ ունեցող երկիր է։
Հանդիպման վերջում Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վարդանյանին և ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին հրավիրել է Վիլնյուս՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը համապատասխան ոլորտի նախարարի հետ առավել մանրամասն քննարկելու համար։
ՏԿԵ նախարարի տեղակալն էլ շնորհակալություն է հայտնել հրավերի համար՝ ընդգծելով, որ առաջիկա օրակարգից կախված, կդիտարկվի նման այցի հնարավորությունը։