Բայդենը պաշտպանում է Նիդեռլանդների վարչապետի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտպանում է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հաջորդ ղեկավարի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է POLITICO-ն՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրի։
Ինչպես հրատարակությանը հայտնել է ամերիկացի պաշտոնյան, որի անունը չի նշվում, Բայդենի աջակցությունը, հավանաբար, ԱՄՆ-ի ավելի շատ դաշնակիցների կստիպի պաշտպանել Ռյուտեի թեկնածությունը:
Փետրվարի 21-ին հրատարակությունը հաղորդել էր, որ ՆԱՏՕ-ի երկրների երկու երրորդը պաշտպանում է Նիդեռլանդների վարչապետի թեկնածությունը դաշինքի ղեկավարի պաշտոնում։
ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի լիազորությունների ժամկետը լրանում է հոկտեմբերին։ Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է միաձայն որոշում ընդունեն նրան փոխարինելու վերաբերյալ։
57-ամյա Ռյուտեն 2023 թվականին հայտարարեց քաղաքականությունից հեռանալու ցանկության մասին։ Այս տարի նա ավարտում է իր 14-ամյա պաշտոնավարումը Նիդեռլանդների վարչապետի պաշտոնում։
POLITICO-ն նշում է, որ ՆԱՏՕ-ի երկրները, հավանաբար, Ռյուտեի թեկնածությունը կհաստատեն մինչև հուլիսին կայանալիք գագաթնաժողովը, որը կանցկացվի Վաշինգտոնում՝ նշելու դաշինքի հիմնադրման 75-ամյակը։