Զեյնալլիին չափազանց ոգևորել է ավագ սերնդի ռամիլսաֆարովական կենսակերպը՝ հանցագործ հերոսացումը. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է պատերազմական հանցագործ ադրբեջանցի Քամիլ Զեյնալլիի ձերբակալությանը:
Համահայկական միության հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Ինչպես հայտնի դարձավ՝ Մոսկվայի օդանավակայանում ձերբակալվել է Քամիլ Զեյնալլին։ Վերջինիս նկատմամբ Հայաստանը հայտարարել էր միջազգային հետախուզում 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ գործած պատերազմական և այլ հանցանքների համար։
Մասնավորապես նշվում է, որ Զեյնալլին արտակարգ դաժանություն է ցուցաբերել՝ խաղաղ բնակչի սպանելով։ Դեռևս 44-օրյա պատերազմից առաջ վերջինս հայերի նկատմամբ բռնություն գործադրելու և սպանելու կոչեր էր հնչեցնում և տարածում։ Սա ադրբեջանական պետության էթնիկ ատելության քարոզի, համակարգային հակահայկականության վառ դրսևորումն է, և հայ տարրի նկատմամբ ֆիզիկական ուղղակի բռնությունն ու անարգանքը երբեք էլ խորթ չեն եղել ադրբեջանական մոլեռանդ զանգվածին։ Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի աննկարագրելի վայրագությունները վերահաստատում են, որ մարդկանց այդ բազմությանը միավորում է ցանկացած հայի սպանելու և անարգելու բարձրագույն նպատակը։ Հավանաբար, Զեյնալլիին և իր նմաններին չափազանց ոգևորել է ավագ սերնդի ռամիլսաֆարովական կենսակերպը՝ դաժան հաշվեհարդարը անպաշտպան մարդկանց հետ, պատասխանատվության բացակայությունը և հանցագործ հերոսացումը։
Ինչպես Քամիլ Զեյնալլին, այնպես էլ մյուս բոլոր պատերազմական հանցագործները, խաղաղ բնակչության նկատմամբ բռնություններ, խոշտանգումներ իրականացրածները և ատելության խոսք ու անհանդուրժողականության քարոզողները պետք է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան պատիժ կրեն։ Միայն արժանի և համաչափ պատժի կիրառումը կարող է ազատել աշխարհը ռամիլսաֆարովական և կամիլզեյնալլիական ախտից»:
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը կոչ է անում միջազգային հանրությանը՝ ջանք չխնայել պատերազմական հանցագործների բացահայտման, հայտնաբերման և համաչափ պատժի ու պատասխանատվության ենթարկելու համար։