Սպանություն` Փոքր Մասրիկ գյուղում. 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Փետրվարի 21-ի ժամը 19.15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել դանակահարված երկու տղամարդ, որոնց առողջական վիճակը ծանր է:
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դանակահարվածները եղբայրներ են՝ Փոքր Մասրիկ գյուղի 40-ամյա և 36-ամյա բնակիչներ: Հիվանդանոցում 36-ամյա Արա Լալայանը մահացել է:
ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության, Մարտունու և Վարդենիսի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 18.30-ի սահմաններում Արփունք-Փոքր Մասրիկ գյուղամիջյան ճանապարհին՝ Փոքր Մասրիկի գերեզմանատան մոտ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն և ծեծկռտուք է եղել Արփունք գյուղի բնակիչ 44-ամյա տղամարդու, նրա 19 և 15 տարեկան որդիների և Փոքր Մասրիկ գյուղի բնակիչ երեք եղբայրների միջև:
Այդ ընթացքում էլ արփունքցի 19-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել 40-ամյա և 36-ամյա տղամարդկանց:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամը 20.20-ին 19-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ խոստովանել է կատարածը: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Վարդենիսի քննչական բաժին է ներկայացվել նաև 44-ամյա տղամարդը՝ 19-ամյա երիտասարդի հայրը։Նա ներկայացրել է դեպքի վայրից վերցված հանցագործության գործիք ծալովի դանակը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին:
Սպանության և սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
19-ամյա երիտասարդը տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Կատարվում է նախաքննություն: