Թրամփը նշել է իր փոխնախագահի հավանական թեկնածուների անունները
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նշել է վեց հոգու անուններ, ովքեր կարող են դառնալ փոխնախագահի իր թեկնածուները երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում։ Այս մասին հայտնում է Fox News-ը։
«Ճիշտն ասած, այս բոլոր մարդիկ լավն են։ Լավն են, վստահելի են»,- ասել է նա՝ հեռուստաընկերության հետ զրույցում խոսելով իր ցուցակում հայտնված անձանց մասին։
Ցուցակում են հայտնվել Թրամփի երեք նախկին մրցակիցները՝ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը, սենատոր Թիմ Սքոթը և ձեռնարկատեր Վիվեկ Ռամասվամին։ Թրամփը նաև որպես փոխնախագահի պաշտոնի հավանական թեկնածուներ է անվանել Հարավային Դակոտայի նահանգապետ Քրիստի Նոեմին, ներկայացուցիչ Բայրոն Դոնալդսին և նախկին ներկայացուցիչ Թուլսի Գաբարդին, որոնք 2022 թվականին լքել են Դեմոկրատական կուսակցությունը։
Fox News-ը նշում է, որ Թրամփը հաճախ առանց նախապատրաստվելու է նման տիպի հայտարարություններ անում և այս ցուցակը կարող է լիովին ճշգրիտ չլինել։ Մասնավորապես, հեռուստաալիքը կասկածում է, որ Դեսանտիսը կարող է դառնալ փոխնախագահի թեկնածու, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքական գործիչները բազմիցս քննադատել են միմյանց։